Page 16 - ԱՎԵԼՈՐԴԸ
P. 16
— Սրբուն մամին մորթե՜ն պիտի,..
Հաճի մարը, որ մինչև այդ խստահայաց ու անհաշտ նայում էր չորս կողմը, լսելով
երեխաների լացը՝ հանկարծ լցվեց և հեծկլտաց.
— Չեն մորթե, մի՛ք լա,— ու սկսեց աչքերը սրբել։
Երեխաները տեսնելով նրա լացը՝ ձայները բարձրացրին։
Թնդանոթի ձայներից Հաճի աղայի երևակայությունը վառվեց։ Նա ավելի պարզ սկսեց
շոշափել մահը։
Եվ հրդեհի մեջ պաշարվածի պես՝ նա զգաց, որ տարերային մի ուժ նրան միայն մի բան է
թելադրում, փախչել, շուտով դուրս գալ մահի ճիրաններից։ Մնացածը՝ կին, երեխա, ընկեր,
բարեկամ՝ նսեմացավ նրա աչքում։ Եվ ակամա՜։ Եվ նա զգում էր, թե որքան դառն է այդ
«ակաման», բայց և զգում էր, որ այդ այդպես է։
Նա կարծես ցնորքի մեջ լիներ. նայում էր չորս կողմ և, ամեն առարկա մի վայրկյան
տեսնելով, մյուս վայրկյանին մոռանում էր։ Կարծես երազում՝ նրա մոտով, ճամփի եզրով,
իրենց հարևան կոշկակար Պողոսը, ուժեղ երիտասարդ՝ յափնջու վրա երկու երեխա
նստեցրել քարշ էր տալիս ձյան վրայով։ նրա հետևից հևալով և լնգլնգալով գնում էր նրա
ծերուկ հայրը։ Ահա հոգնեց նա, եկավ կանգնեց և ճամփից դուրս գալով, գնաց խրվեց ձյան
մեջ ու մնաց.
— Ալ չեմ կրնա... գնացեք...
Նայում է նրան Հաճի աղան և իսկույն մոռանում է։
Ահա քարվանը նորից շարժվում է։ Լեռնային սառնամանիքը իր սառցե մատներով բռնում
է Հաճու մորուքը, և նա դեմքը ծածկում է վերմակի տակ։
Փչում է լեռնային քամին և ձյան փոշին, առաջ օձերի պես սողալով և ապա բարձրանալով
իբրև, վիշապներ, թռչում են օդի մեջ, նվում, վայում...
— Աստվա՜ծ, դուն հասնես.— մրմնջում է Հաճի աղայի փոքր հարսը։
Մեծ հարսը երեսը խաչակնքում է և սկսում «Հավատով խոստովանիմը»[11] բարձր և
զգացված։
Իսկ իր շալի մեջ Հաճի մարը կծկված՝ մտածում է անդամալույծի վրա և ծանր հառաչում։
Սուր վտանգն ու աղմկալից սարսափն անցել էին, տեղի տալով մի խաղաղ թշվառության,
որ ընդունեց փախստականներին հետևյալ գավառական քաղաքում։ Հանկարծակի
աղքատներ, մի ժամում անտունացած մեծատուններ, ի ծնե չքավորներին խառնված՝ եկան

