Page 47 - IDM
P. 47
Վերլուծություն
Թարգմանությունը միասեռ գործընթաց չէ, ինչպես և տեքստի կազմաքանդումների ու
վերստեղծումների հաջորդական շրջափուլերի կենտրոնում գտնվող թարգմանչի դերը
միատարր չես անվանի: Ինքնին այդ դերը հասկանալը բավական բարդ է, քանզի թարգմանիչը
մշտապես մնում է պատճառի (սկզնաղբյուր տեքստի) և հետևանքի (թարգմանության
վերջնարդյունքի) մեջտեղում, ստվերում՝ անտեսանելի մնալով համապատասխանաբար այդ
պատճառին և հետևանքին մոտ կանգնած հեղինակի և ընթերցողի համար:
Ճանաչման այս անհնարինությունն էլ բերել է թարգանչի դերի, մինչ այժմ արդի մնացող,
սահմանման խնդրին: Ավելին, «թարգմանիչ» բառն իմաստավորող բնութագրիչների
նախորոշման անկարողության արդյունքում սույն բառին հոմանիշների կերտման աղբյուր են
դարձել թարգմանչի աշխատանքին ուղղված հեղինակի և ընթերցողի մեղադրանքները, իսկ
դրանցից գլխավորը թարգմանչին հավասարեցնում է «դավաճան»-ի:
Ո՞ւմ կամ ի՞նչն է թարգմանիչը դավաճանում: Սա է առանցքային հարցերից մեկը, որ եռամսյա
պրակտիկայի ընթացքում պարբերաբար քննարկվել է ներխմբային հավաքների և
բանախոսությունների ընթացքում՝ հիմնվելով մեծապես Անտուան Բեռմանի «Օտարության
փորձընկալումը» աշխատության և թարգմանչի «մեղավորության» չափման նրա առաջ քաշած
ձևազեղծումների համակարգի վրա: Մյուս կողմից, քանի դեռ երրորդ կողմի համար ցրված չէ
թարգմանչի դերի ընկալմանը խոչընդոտող մշուշը, և թարգմանիչն էլ հարկադրված է գործել
մեղադրանքահեն հոմանիշների դրոշմով, թարգմանչի դերի միակ այլընտրանքային
սահմանումը ունակ են տալ իրենք թարգմանիչները: Ինչո՞ւմ են հենց թարգմանիչները տեսնում
իրենց դերը և ի՞նչ ասել է թարգմանչական ձեռագիր:
Հենց այս հարցերի պարզաբանմանն է ուղղված թարգմանչական պրակտիկայի վերջին
առաջադրանքը, որում մեր պրակտիկանտները հանդես են եկել վերլուծաբանի դիրքից: