Page 32 - IDM
P. 32
Մինչ այդ հերետիկոսությունը հատուկենտ երևույթ էր, բայց, ինչպես ասացի, XII դարից՝
քրիստոնեական դոգմաների պաշտոնական ամրագրումից սկսած, այն լայն տարածում
ստացավ, և եկեղեցական իշխանությունները որոշեցին նման հանցագործների հետապնդման
համար ստեղծել հատուկ դատարան, ստեղծել հավատաքննությունը, որը զբաղվելու էր
միմիայն հավատին վերաբերող հարցերով, ավելի կոնկրետ` հավատից շեղման դեպքերով:
Հերետիկոսություն եզրը, հունարենից թարգմանաբար, ինքնին նշանակում էր «ընտրություն»:
Միայն թե սկզբում՝ մինչև քրիստոնեության պաշտոնական կրոն դառնալը, հերետիկոսությունը
վերաբերում էր միայն քրիստոնեությանը և միայն IV դարից, երբ առաջին քրիստոնյա կայսրը՝
Կոնստանտինը, քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն, հերետիկոսություն բառով
սկսեց բնորոշվել ցանկացած շեղում քրիստոնեական հավատից: Եվ այսպես ընդհուպ մինչև XVI
դար, երբ առաջացավ բողոքականությունը, որն, ի դեպ, սկզբում նույնպես դիտարկվում էր
որպես հերետիկոսություն: Այլ կերպ ասած, հերետիկոսությունը մտային հանցագործությունն
էր, և դրա համար անհրաժեշտ էր իմանալ այդ մտքերը: Ահա թե ինչու հին մեղադրական
գործընթացը հարմար չէր:
Սակայն հավատաքննությունն այն տեսքով, որով մենք ենք այն պատկերացնում՝ հիմնվելով
անգամ գեղարվեստական ֆիլմերի կամ գրականության վրա, միանգամից չի ձևավորվել: Նախ
ստեղծվել է այսպես կոչված եպիսկոպոսական հավատաքննությունը, որում ամեն եպիսկոպոս
իր դիոցեզում՝ իր ենթակայության շրջանում (Դիոցեզ՝ նույնն է, թե թեմ), պետք է
հետևեր իրական հավատից բոլոր շեղումներին: Դրա համար տարին երկու անգամ
եպիսկոպոսը պետք է անցներ իր դիոցեզի բոլոր քաղաքներով և անձամբ թողություն տար
քաղաքացիներին՝ հարցնելով նրանց կարծիքը այս կամ այն քրիստոնեական դոգմայի մասին:
Այս ոչ այնքան հեշտ աշխատանքում նրան պետք է օգնեին աշխարհիկ իշխանությունները,
ինչպես նաև տեղի բնակիչները: Այսինքն ինքնին մատնության ձևը՝ որպես դատական
հետապնդման միջոց, շարունակում էր պահպանվել, ինչպես հին մեղադրական
ընթացակարգում: Սույն նորամուծությունը, սակայն, միայն թղթի վրա էր գեղեցիկ, քանզի
իրականում եպիսկոպոսները չունեին այդքան ազատ ժամանակ իրենց դիոցեզներով
անընդհատ շրջելու և բոլորին հետևելու համար՝ դա ֆիզիկապես հնարավոր չէր:
Այդուհանդերձ, եկավ 1215 թվականը՝ (1215՝ Լատերանի IV ժողով) Լատերանի IV ժողովի
հրավիրումը՝ շրջադարձային իրադարձություն եկեղեցու պատմության մեջ, որում մեկ
կանոնագրքում միավորվեցին եկեղեցական բոլոր կանոնները, ինչպես նաև ընդունվեց որոշում՝
ըստ որի ամեն քրիստոնյա տարին մեկ անգամ պետք է պարտադիր թողություն խնդրեր: