Page 27 - IDM
P. 27
դրվագներով։ Միքելանջելոն առանձնացնում է Ծննդոց գրքից ինը տեսարան։ Կենտրոնում
պիտի լիներ Ադամի արարման տեսարանը։ Չորս տարի Միքելանջելոն քրտնաջան աշխատում
է առաստաղի վրա։ Ծանր աշխատանք էր։ Կերպարները, ըստ նախատեսվածի, պիտի
տեսանելի լինեին հատակից, բայց քանդակագործը ստիպված էր նկարել բարձր փայտամածի
վրա՝ մեջքին պառկած։ Ըստ իր պաշտոնական կենսագրի՝ Կոնդիվիի, նա մենակ էր աշխատում,
քսում սվաղը, խառնում գույները և նկարում բոլոր նկարները։ Արդյունքն ապշեցուցիչ էր։
Հեռանկարի կիրառությունն ու կերպարների դրամատիկ պատկերումը հմայել էին բոլոր
տեսնողներին։ Հաղթականորեն ավարտելով Սիքստինյան կապելլայի նախագիծը՝
Միքելանջելոն վերադառնում է Հուլիոսի դամբարանի աշխատանքներին։ 1513-ին երբ Հուլիոս
պապը մահանում է, նախագծի հրատապությունը կորում է։ 1517-ին նոր պապը՝ Լեո X,
Միքելանջելոյին խնդրում է նոր ճակատամաս նախագծել Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու
համար։ Թեև չուներ ճարտարապետական փորձառություն, քանդակագործը վստահ էր, որ լավ
կգործեր։ Նա նետվում է աշխատանքի, գնում մի հողակտոր եկեղեցու մոտ, որպեսզի աշխատի
ճակատամասի վրա։ Սակայն 1520 թվականին նախագիծը կասեցվում է, ապա և
ընդհանրապես չեղարկվում։ Միքելանջելոն կատաղած էր։ Նա ամբողջովին ներդրվել էր
նախագծի մեջ թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես: Մասամբ նրան հանգստացնելու համար
Պապը Միքելանջելոյին փոխարինող նախագիծ է տալիս՝ Մեդիչիների դամբարանները, որ
պետք է ստեղծվեին ի հիշատակ ընտանիքի երկու վաղամեռիկ անդամի։ 1519-ին Միքելանջելոն
սկսում է աշխատել Մեդիչիների կապելլայի վրա, որին մի քանի տարի անց գրադարան է
ավելացվում։ Երկու կառույցներն ավարտին հասցնելու համար տարիներ են պահանջվում.
բայց դրանք ցնցող են։
Ճգնաժամ
Արվեստագետն այժմ իր ստեղծագործական բարձունքին էր։ Սակայն ճգնաժամը շատ մոտ էր։
1527-ին ֆրանսիական և Սրբազան Հռոմեական կայսրության բանակները ներխուժում են
Իտալիա։ Հռոմը թալանվում ու այրվում է։ Այժմ կար ուրիշ պապ՝ Կղեմես VII, որն անցնում է
Սրբազան Հռոմեական կայսրության կողմը, երբ վերջինս պաշարում է Ֆլորենցիան։ Լինելով
հավատարիմ ֆլորենտացի՝ Միքելանջելոն վերադառնում է տուն՝ օգնելու պաշտպանել իր
քաղաքը։ Նա ձեռնամուխ է լինում նոր ամրությունների նախագծմանը, որպեսզի օգնի քաղաքի
պաշտպանությանը։ Բայց նրա ջանքերն իզուր էին։ Երկար պայքարից հետո քաղաքն ընկում է,
և շատ մարդիկ են զոհվում։ Միքելանջելոն թաքնվում է Սան Լորենցոյի Մեդիչիների կապելլայի
խորանի տակ գտնվող գետնադամբանում։ Նա մնում է այնտեղ այնքան ժամանակ, մինչև լուր է
հասնում, որ նոր պապը թշմանանք չունի իր դեմ։