Page 21 - IDM
P. 21
աշխատանքները։ Տղան հմայվում է տեսածով։ Նա հասկանում է, որ սա է իր ճակատագիրը։
Չնայած հոր բացասական արձագանքին՝ շարունակում է համոզել նրան թույլ տալ իրեն հետևել
բաղձանքին։ Միաժամանակ իր ընկեր Ֆրանչեսկոն քաջալերում է նրան որոշ նկարներ անել,
որոնք ցույց է տալիս իր վարպետ Գիրլանդայոյին։ Ականավոր նկարիչը տպավորվում է ու
ցանկություն հայտնում Միքելանջելոյին ևս վերցնել իբրև աշակերտ: Վերջապես Լոդովիկոն
տեղի է տալիս, և իր որդին 12 տարեկանում սկսում է աշակերտել Գիրլանդայոյի մոտ։
Վարպետին ու իր երկու եղբայրներին էր պատկանում նկարիչների ամենահաջող
արվեստանոցը Ֆլորենցիայում։ Նրանք զբաղված էին Ֆլորենցիայի եկեղեցիների
ձևավորմամբ։ Եղբայրներն ունեին մի շարք աշակերտներ՝ 8-15 տարեկան, որոնք ապրում էին
նրանց հետ և օգնում նկարների ու որմնանկարների հարցերում։ Ծնողները՝ ներառյալ
Լոդովիկոն, պետք է վճարեին ապրելու ծախսերի և ուսուցման համար։ Միքելանջելոն
Գիրլանդայո եղբայրներից սովորում է փայտե վահանակներ պատրաստել նկարների և պատ
սվաղել` որմնանկարչության համար։ Նա սովորում է նաև կազմել աշխատանքային գծագրեր՝
այսպես կոչված էտյուդներ, որոնք ավարտուն աշխատանքների հիմքն էին լինելու։
Ինքնագոհ աշակերտը
Աշակերտների շրջանում Միքելանջելոն միանգամից աչքի է ընկնում: Բայցև պարզվում է, որ նա
համառ է ու ինքնահավան։ Վերջինիս առաջադրանք է տրվում կրկնօրինակել իր վարպետի
նախկին աշխատանքները, որն անելուց հետո հայտարարում է, որ իր ստեղծածները
բնօրինակներից լավն են։ Գիրլանդայոն ընդունում էր, որ տղան մեծ տաղանդ ունի, բայց նրան
բարկացնում էր վերջինիս մեծամիտ կեցվածքը։ Նա նաև տեսնում էր, որ Միքելանջելոն
համբերություն չունի սովորելու որոշ անհրաժեշտ հմտություններ, ինչպես օրինակ՝
որմնանկարներ նկարելը։ Նրան քիչ էր հետաքրքրում հղկումն ու ներկերի խառնումը և չէր էլ
խառնում որմնանկարների համար անհրաժեշտ հարթ սվաղի բաղադրիչները։ Երբ 14
տարեկան էր, չափն անցնում է. կրկնօրինակում է կանանց որոշ կտավներ, որ իր վարպետն էր
նկարել, բայց համարձակվում է «ուղղել» բնօրինակի որոշ նրբություններ՝ լայնաթև գրիչով
անցնելով դրանց վրայով։ Սա արդեն չափից դուրս էր։ Գիրլանդայոն վռնդում է Միքելանջելոյին
արվեստանոցից՝ պնդելով, որ այս «ամենագետին» սովորեցնելն անհնար է։ Հուսահատվելու
փոխարեն այս տաղանդավոր դեռահասը որոշում է, որ ներկն ու սվաղն իր համար չեն։ Նա
դրանք համարում էր արվեստի ավելի ցածր ձև։ Նրա կարծիքով իսկական հմտությունը քարի
միջոցով հոյակապ մարդակերպ քանդակներ կերտելու մեջ էր։ Այս ցանկությունը կտանի
տղային դեպի ֆլորենտական ազնվականության բարձրակետը՝ Մեդիչիների մոտ։